Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ԵՄ բարձր ներկայացուցիչ, Հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորրելի հայտարարությունը
Հոլոքոստը վերապրած, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելն ասել է․
«Մոռանալը ոչ միայն վտանգավոր, այլև քամահրական կարող է լինել։ Մահացածներին մոռանալ կնշանակի նրանց մահ պատճառել երկրորդ անգամ»։ Հոլոքոստի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ Եվրոպական միությունը հիշատակում է վեց միլիոն հրեաներին և այլ թիրախի տակ առնված խմբերի պատկանողներին, ովքեր մարդկության պատմության ամենածանր ողբերգության՝ Շոահի ընթացքում դաժանորեն և համակարգված եղանակով ենթարկվել են սպանությունների:
Երբևէ ոչ մեկը չպետք է մոռանա նացիստների վայրագությունները։ Պետք է հարգել զոհերի հիշատակը և երբևէ չմոռանալ։ Աշխարհի յուրաքանչյուր պետություն պետք է վառ պահի Հոլոքոստի բոլոր զոհերի հիշատակը, դատապարտի Հոլոքոստի ժխտումն ու խեղաթյուրումը, ինչպես նաև մշակի կրթական ծրագրեր՝ օգնելու թույլ չտալ ցեղասպանությունների կրկնողություն:
Ապատեղեկատվության և ապակողմնորոշման տարածման, ինչպես նաև փոքրամասնություններին քավության նոխազ դարձնելու առաջնորդների փորձերի դեմ լավագույն հակաթույնը երիտասարդ սերունդները կրթելն է։ Դա է անհանդուրժողականության, մոլեռանդության դեմ պայքարելու լավագույն գործիքը, և այն թույլ կտա ապահովել «Այլևս երբեք» կարգախոսի հետագա արձագանքը ապագա սերունդների միջոցով:
Սա էլ ավելի կարևոր է այսօր, երբ մեզանից հեռանում են Հոլոքոստը վերապրածները․ այլևս մեզ հետ չեն Երկրորդ համաշխարհայինի սարսափները տեսած և վերապրած, Հոլոքոստի ամենապարզ հիշողությունները կրող սերնդից շատերը։
Հակասեմիտականությունը և Հոլոքոստի ժխտումն անհամատեղելի են համամարդկային արժեքների հետ։ «Հակասեմիտականության դեմ պայքարի և հրեական կյանքի խթանման» ԵՄ առաջին ռազմավարությամբ (2021-2030թթ) ամրագրված մի շարք դրույթներ նվիրված են ԵՄ ներսում և դրսում հակասեմիտականության դեմ պայքարին, ինչպես նաև Հոլոքոստի հիշողության պահպանման աջակցությանը, այդ թվում՝ ժամանակակից հակասեմիտականության վերաբերյալ եվրոպական հետազոտական կենտրոնի ստեղծման միջոցով:
Ինչպես այժմ, այնպես էլ ապագայում մենք շարունակելու ենք առաջ մղել մեր գործունեությունն՝ ուղղված Հոլոքոստի ժխտման դեմ պայքարին՝ ԵՄ-ն ներսում, արտերկրում և բազմակողմանի ձևաչափում։
2022 թվականի հունվարի 20-ին ՄԱԿ-ը որդեգրեց Հոլոքոստի ժխտման և խեղաթյուրման վերաբերյալ բանաձև՝ ԵՄ անդամ բոլոր երկրների համատեղ հովանավորությամբ։
Այսօր և հաջորդ տարիներին՝ մենք, ավելի քան երբևէ, հավատարիմ ենք երբեք մոռացության չմատնելու մեր կուռ հանձնառությանը։ Մեր պարտքն է՝ վառ պահել բոլոր զոհերի հիշատակը և չմոռանալ նրանց տառապանքները։ Դա մեր պարտավորությունն է Հոլոքոստի ընթացքում զոհվածների հանդեպ, դա մեր պարտավորությունն է վերապրածների հանդեպ, դա մեր պարտավորությունն է հանուն ապագա սերունդների: