Հայաստան: Մամուլի համատեղ հայտարարություն Հայաստան-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստի արդյունքներով
2023թ. հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը։ Նիստի ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքը և անդրադարձ կատարեցին երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք այլ հարցերի։
ԵՄ-ն և Հայաստանը պայմանավորվեցին ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդգծելով Հարավային Կովկասում ԵՄ ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև շարունակել համատեղ ջանքեր ներդնել ՀԸԳՀ կիրարկմանն ուղղությամբ՝ արձանագրելով մինչ այժմ գրանցված առաջընթացը։ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի ընդհանուր արժեքներին համապատասխան բարեփոխումներն իրականացնելու շարունակական հանձնառությունը՝ չնայած տարածաշրջանում առկա անվտանգության բարդ համատեքստի: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ՀԸԳՀ իրականացման ճանապարհին և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու հարցում, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի (EIP) էական ֆինանսավորման և դրանից բխող ուղենշային նախաձեռնությունների միջոցով:
Գործընկերության կոմիտեն քննարկել է զարգացումները օրենքի գերակայության, արդարադատության, իրավապահ, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև մարդու իրավունքների հարգանքի ոլորտներում։ ԵՄ-ն դրվատել է առաջընթացն նշյալ ոլորտներում։ Այնուամենայնիվ, ԵՄ-ն ընդգծել է դատական համակարգի անկախության ու արդյունավետության, կոռուպցիայի դեմ պայքարի շարունակական բարելավման կարևորությունը՝ հանրային հաստատությունների հանդեպ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու նպատակով: ԵՄ-ն ընդգծեց խտրականության բոլոր դրսևորումները վերացնելու համար հավելյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը և խրախուսեց Հայաստանին ներգրավել քաղաքացիական հասարակությանը օրենսդրական առաջարկների վերաբերյալ հանրային քննարկումներում:
Գործընկերության կոմիտեն նաև անդրադարձավ տրանսպորտին, էներգետիկային, շրջակա միջավայրին, կլիմայական գործողություններին և աղետների ռիսկերի կառավարմանն առնչվող հարցերում արձանագրված առաջընթացին: Եվրոպական միությունը և Հայաստանը կշարունակեն Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ համագործակցությունը: Կարևորելով վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը՝ Եվրոպական միությունը խրախուսեց Հայաստանին իր Ազգային մակարդակով սահմանված գործողություններում նախատեսել արտանետումների նվազեցման ավելի հավակնոտ թիրախներ:
Հանդիպումը նաև հնարավորություն ընձեռեց վերանայելու մաքսային ոլորտում և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը: Եվրոպական միությունն ընդգծեց մաքսային ոլորտում համագործակցելու կարևորությունը՝ ՌԴ դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները Հայաստանի տարածքի միջոցով շրջանցելու փորձերը կանխելու նպատակով: Քննարկվեցին նաև զարգացումները զբաղվածության և սոցիալական պաշտպանության քաղաքականության ոլորտում։ Ինչ վերաբերում է կրթությանը, ապա Եվրոպական միությունն ողջունեց Հայաստանի կողմից Կրթության համապարփակ ռազմավարության ընդունումը, որն ընդգրկում է կրթության ամբողջ սպեկտրը, ինչպես նաև՝ Հայաստանի կողմից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու վերաբերյալ համաձայնագրի վավերացումը:
Գործընկերության կոմիտեն անդրադարձավ նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությանը։ Այդ կապակցությամբ ԵՄ-ն նշեց, որ չնայած երկխոսության մեկնարկի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները բավարար չափով կատարված են, հարցը պահանջում է նաև քաղաքական որոշում։ Այս համատեքստում, ԵՄ-ն շարունակում է խրախուսել Հայաստանին ակտիվորեն ներգրավվել երկկողմ մակարդակով ԵՄ անդամ պետությունների հետ։
Գործընկերները քննարկեցին նաև տարածաշրջանային դինամիկան և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ընթանում է գնալով ավելի բարդացող անվտանգային իրավիճակի համատեքստում: Հայկական կողմը ներկայացրեց թարմացված տեղեկություններ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Երկուստեք մտահոգություններ արտահայտվեցին հնարավոր հումանիտար ճգնաժամի ռիսկերի կապակցությամբ: Եվրոպական միությունը և Հայաստանը ողջունեցին Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը:
Քննարկումների ընթացքում ընդգծվեց Հայաստանի կառուցողական մասնակցությունը Արևելյան գործընկերության ձևաչափին։
Հանդիպումը համանախագահեցին Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը և Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։