This isn't an official website of the European Union

Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 14-րդ նիստը

19.02.2025 EEAS Press Team

Փետրվարի 17-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական միության միջև անցկացվեց մարդու իրավունքների շուրջ երկխոսության 14-րդ նիստը։

Կողմերն ունեցան բովանդակալից քննարկումներ։ ԵՄ-ն ողջունեց մարդու իրավունքներին վերաբերող օրենսդրության, քաղաքականության, ինչպես նաև Մարդու իրավունքների ռազմավարության ու դրանից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը և Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ձեռնարկելու հետագա միջոցառումներ՝ ուղղված մնացյալ խնդիրների լուծմանը:

Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը ժողովրդավարության, ազատության, օրենքի գերակայության ընդհանուր սկզբունքներին և արժեքներին,  ինչպես նաև մարդու իրավունքների լիակատար հարգման, պաշտպանության և իրագործման խթանմանը, այդ թվում՝ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ ընթացող երկխոսության համատեքստում:

Հայաստանը և Եվրոպական միությունը համակարծիք էին հավաքների, միավորումներ կազմելու և արտահայտվելու ազատության իրավունքների արդյունավետ պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիական դաշտի պահպանման անհրաժեշտության հարցում: Ընդգծեցին ոստիկանության հաշվետվողականության ապահովման կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձան նոր օրենսդրությանը: ԵՄ-ն գնահատեց իրավապահ համակարգի բարեփոխումներում մարդու իրավունքների ուղղությամբ գրանցված Հայաստանի առաջընթացը,  ինչպես նաև միգրացիոն ոլորտի բարեփոխումները։ Կողմերը անդրադարձան նաև կալանավորման պայմանների բարելավման և զինված ուժերում մարդու իրավունքների մշակույթի ամրապնդման անհրաժեշտությանը: ԵՄ-ն կոչ արեց սահմանափակել մինչդատական կալանքի կիրառումը և վերջինիս տևողությունը։

Հայաստանը և Եվրոպական միությունն ընդգծեցին ազատ և արդար ընտրությունների կարևորությունը ու ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ուղղված նշանակալի ջանքերը։ Կողմերը կարևորեցին ընտրական օրենսգրքի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները։ Քննարկվեցին նաև ապատեղեկատվության աճող մակարդակը, ներառյալ՝ տեղեկատվության օտարերկրյա մանիպուլյացիան և միջամտությունը լավագույնս հասցեագրելու միջոցները։

Հայաստանը և Եվրոպական միությունը կարևորեցին հավասարության ամրապնդման ուղղությամբ և խտրականության դեմ պայքարը։ Այս համատեքստում ԵՄ-ն կոչ արեց ընդունել համընդգրկուն Հավասարության մասին օրենք և Գենդերային հավասարության ռազմավարություն։ Ողջունելով Հայաստանի հանձնառությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցում՝ ԵՄ-ն խրախուսեց հասանելիությանը և համայնքային ծառայությունների երաշխավորմանն ուղղված հետագա քայլերի ձեռնարկումը։ ԵՄ-ն կոչ արեց նաև հավելյալ ջանքեր գործադրել ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցում։ Կողմերը քննարկեցին ատելության խոսքի և ատելությամբ պայմանավորված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը, այդ թվում նաև ԼԳԲՏԻ անձանց դեմ։ Հայաստանը և Եվրոպական միությունը կարևորեցին երեխաների իրավունքների օրակարգի ուղղությամբ ջանքերը, իսկ ԵՄ-ն ընդգծեց նոր իրավական փաթեթի վերջնականացման և վերջինիս կիրարկման համար բավարար ֆինանսավորման ապահովման անհրաժեշտությունը։ Այնուհետև քննարկվեցին աշխատանքային իրավունքների հետագա ամրապնդման հարցեր։

Կողմերը պայմանավորվեցին ամրապդնել իրենց համագործակցությունը նաև մարդու իրավունքների միջազգային հարթակներում։  

ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր Արտաքին գործերի եվրոպական ծառայությունում բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան։  

Anitta Hipper
Lead Spokesperson for Foreign Affairs and Security Policy
+32 (0) 2 298 56 91
+32 (0) 460 76 14 21
Pedro FONSECA MONIZ
Press Officer for Foreign Affairs and Security Policy
+32 (0)2 291 38 76
+32 (0)460 76 14 96