Հարցեր և պատասխաններ Հայաստանում ԵՄ առաքելության վերաբերյալ (ՀԵՄԱ)
- Առաքելության մանդատն ու չափը
Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է ներկայացնում։ ՀԵՄԱ-ն քաղաքացիական առաքելություն է, որը մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ, նպաստում է մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում, և նպաստում է տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։
Իր ներկայությամբ ՀԵՄԱ-ն նաև նպաստում է ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար նպաստավոր միջավայրի ապահովմանը։
Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի հունվարի 23-ին։ Այն ունի երկու տարվա մանդատ և կներառի ԵՄ անդամ պետություններից մոտ 100 աշխատակից։ Առաքելությունն իր գործունեությունը սկսել է 2023թ․ փետրվարի 20-ից և մինչև ամառ կհասնի իր լիարժեք գործառնական կարողությանն ու անձնակազմի համալրմանը։
- Ինչու՞ է ԵՄ-ն ստեղծել ՀԵՄԱ
ԵՄ-ն ստեղծել է ՀԵՄԱ՝ արձագանքելով 2022 թվականի դեկտեմբեր ամսին հայաստանյան իշխանությունների պաշտոնական դիմումին, որպեսզի տեղակայվի լիարժեք ԵՄ քաղաքացիական առաքելություն։ Այս տեղակայումը հաջորդում է ԵՄ դիտորդական կարողության (EUMCAP) հաջողված փորձին, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում 2022թ․ հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը։ ՀԵՄԱ-ն նաև աջակցում է երկու կողմերի միջև խաղաղության գործընթացի խթանման ուղղված ԵՄ ջանքերին։
- Որտե՞ղ է տեղակայված ՀԵՄԱ
ՀԵՄԱ տեղակայված է Հայաստանի տարածքի տարբեր վայրերում՝ Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում։ Առաքելության գործառնական շրջանակները տարածվում են Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով, ներառյալ Նախիջևանի հատվածը։
ՀԵՄԱ գլխամասը Եղեգնաձորում է, ինչպես նաև կան բազմաթիվ դաշտային գրասենյակներ ամբողջ Հայաստանով մեկ և կապի գրասենյակ Երևանում։
ՀԵՄԱ պարեկներն ամեն շաբաթ դիտարկում են մոտ 3800 կմ․ օրական միջինը 3-4 պարեկային խումբ ճանապարհ է ընկնում Հայաստանով մեկ տեղակայված օպերատիվ բազաներից։ Առաքելության նպատակն է մեծացնել պարեկների շրջայցերի հաճախականությունը, երբ առաքելությունն ամռանը հասնի իր լիարժեք գործառնական կարողությանը։
Հաշվի առնելով Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի ողջ երկայնքով առաքելության գործունեության տարածքի զգալի չափերը՝ իր տրամադրության տակ եղած ռեսուրսներով առաքելությունն ի վիճակի չէ նկատել սահմանի երկայնքով տեղի ունեցող ցանկացած միջադեպ։ Առաքելությունը ձգտում է այցելել այն վայրը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, անմիջապես երբ անվտանգության վերաբերյալ իրավիճակը թույլ է տալիս դա անել։ Առաքելությունն այնուհետև զեկուցում է այդ պատահարների վերաբերյալ՝ հիմք ընդունելով բաց աղբյուր տեղեկություններ և վստահելի ականատեսների կողմից տրամադրված տեղեկություններ։ ՀԵՄԱ զեկույցները նախատեսված են ԵՄ գլխամասի համար և դրանց հասանելիությունը սահմանափակ է։
- Արդյոք ՀԵՄԱ-ն քաղաքացիական, թե՞ ռազմական առաքելություն է
Սա բացառապես քաղաքացիական առաքելություն է, որը ներառում է մոտ 100 քաղաքացիական աշխատակից, ներառյալ մոտ 50 անզեն դիտորդներ։ Այն ղեկավարվում է Բրյուսելում ԵՄ քաղաքացիական առաքելությունների գլխամասից։ Ամբողջ ղեկավար կազմը քաղաքացիական է։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը քաղաքացիական ոստիկանության ավագ աշխատակից է, ով ԵՄ քաղաքացիական առաքելությունների զգալի փորձ ունի։ Նա 2017-2019թթ․ որպես առաքելության ղեկավար աշխատել է Իրաքի ԵՄ խորհրդատվական առաքելությունում, ինչպես նաև մինչ այդ աշխատել է շատ այլ ԵՄ քաղաքացիական առաքելություններում։ Նախքան ՀԵՄԱ միանալը Մարկուս Ռիտերը Շտուտգարտում Գերմանիայի դաշնային ոստիկանության տնօրինության նախագահն է եղել։
- Ադրբեջանը համաձայնե՞լ է ՀԵՄԱ ստեղծմանը։ Ադրբեջանը համաձայնե՞լ է համագործակցել ՀԵՄԱ հետ։
Այս առաքելությունը տեղակայված է Հայաստանում ի պատասխան Հայաստանից ստացված դիմումի։
Այդուհանդերձ, առաքելության ստեղծման թեմայով ԵՄ կանոնավոր կապի մեջ է եղել Ադրբեջանի իշխանությունների հետ բոլոր մակարդակներում։ Եվրոպական միությունն Ադրբեջանի իշխանությունների հետ շփվում է բարձրաստիճան դիվանագիտական և քաղաքական կապերի միջոցով, որոնք ձեռնարկվում են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից։
- ՀԵՄԱ կշրջի մի շարք կոնկրետ վայրերում, ինչպես, օրինակ՝ Հայաստանում ադրբեջանական անկլավներում և էքսկլավներում։
Առաքելության մանդատը վերաբերում է Հայաստանի տարածքին, հայ-ադրբեջանական պետական սահմանի ամբողջ երկայնքով, ներառյալ հյուսիսային հատվածը, որտեղ գտնվում են մի քանի ադրբեջանական անկլավներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով և դիտորդության սահուն իրականացման համար ՀԵՄԱ իր բոլոր գործողությունները համակարգում է Հայաստանի իշխանությունների հետ և նախքան պարեկության դուրս գալը տեղաշարժի մասին տեղեկացնում է ադրբեջանական կողմին։
- Ու՞մ է ՀԵՄԱ զեկուցում
ՀԵՄԱ զեկուցում է Բրյուսելում Քաղաքացիական առաքելության գլխամասին, որը Արտաքին գործողության եվրոպական ծառայության (EEAS) մաս է կազմում, և Արտաքին գործողության եվրոպական ծառայության (EEAS) միջոցով ԵՄ անդամ պետություններին։ Առաքելությունը շարունակում է կանոնավոր սերտ կապը Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ, ինչպես նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Հայաստանում այն կանոնավոր շփումների մեջ է հայկական իշխանությունների հետ։
- Արդյոք ՀԵՄԱ-ից ակնկալվու՞մ է դերակատարում ունենալ Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։
ՀԵՄԱ բացառապես տեղակայված է և գործում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Հետևաբար, ինքնին Լաչինի միջանցքը ՀԵՄԱ պատասխանատվության գոտուց դուրս է, սակայն առաքելությունը մշտադիտարկում է Լաչինի միջանցքի մուտքը Հայաստանի տարածքից։
- Ո՞րն է ՀԵՄԱ և ԵՄ դիտորդականա կարողության տարբերությունը
ԵՄ դիտորդական կարողությունը (EUMCAP) ԵՄ կողմից ժամանակավոր և անմիջական ջանք էր, ի պատասխան ՀՀ իշխանությունների նախնական խնդրանքի, որը հաջորդեց 2022թ․ սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած էսկալացիային։ ԵՄ դիտորդական կարողությունը ստեղծվեց ի շարունակություն այն համաձայնության, որը ձեռք էր բերվել 2022թ․ հոկտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև Պրահայում տեղի ունեցած համատեղ հանդիպման ժամանակ։ Ըստ այս համաձայնության, առավելագույնը երկու ամիս ժամկետով տեղակայվեց ԵՄ դիտորդական կարողություն, որի անձնակազմը բաղկացած էր Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից ժամանակավորապես գործուղված աշխատակիցներից։ Դրա մանդատը ներառում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում մշտադիտարկել իրավիճակը՝ աջակցելու երկու երկրների միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը և հնարավորություն տալու Եվրոպական միությանն ավելի լավ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։
ՀԵՄԱ մանդատն ավելի երկարաժամկետ և ընդլայնված է, և այն չափով ավելի մեծ է։ Այն ստեղծվել է Հայաստանի իշխանությունների կոնկրետ խնդրանքին ի պատասխան։ Դրա դիտորդական մանդատը տարածվում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանային տարածքների ամբողջ երկայնքով և ներառում է մարդկանց անվտանգությանը վերաբերող հարցեր։ Սա լիարժեք քաղաքացիական առաքելություն է, որի կազմում ընդգրկված են ԵՄ անդամ պետությունների կողմից տրամադրված փորձագետներ։ Ակնկալվում է, որ առաքելությունը կամրապնդի «հողի վրա» իրավիճակի վերաբերյալ ԵՄ ընկալումը, կնպաստի վստահության մթնոլորտի ստեղծմանը և կնպաստի Եվրոպական խորհրդի նախագահի առաջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում աջակցության ուղղված ջանքերին։