Հայաստանում ԵՄ առաքելությունը տոնում է իր առաջին տարելիցը
Փետրվարի 20-ին լրանում է Հայաստանում Եվրոպական Միության առաքելության (ՀԵՄԱ) հաստատման մեկ տարին։ Առաքելության աշխատանքը պարեկության իրականացումն է, ինչպես նաև իրավիճակի մասին տեղեկագրության տրամադրումը։ Մինչ այժմ Ադրբեջանի հետ երկկողմնեա սահմանի Հայաստանյան հատվածում ՀԵՄԱ-ն իրականացրել է 1720 պարեկություն` նպաստելով հավելյալ անվտանգության և կայունության հաստատմանը։
ՀԵՄԱ-ն սատարում է Հայաստանում հակամարտության ազդակիր տարածքներում անձանց անվտանգությանը և իր ներկայությամբ նպատակ ունի սահմանային գոտիներում վստահություն հաստատել տեղաբնակների շրջանում։ Առաքելությունը բացառապես քաղաքացիական է և անզեն, գործում է որպես անկողմնակալ դերակատար։ Բրյուսելին տեղյակ պահելու միջոցով առաքելությունը նպաստել է տեղերում իրավիճակի առավել ճշգրիտ ընկալմանը։ Այն կարևոր դեր է խաղում նաև ԵՄ բարձր մակարդակում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բնականոն վիճակի բերելու փորձերում։
2023թ. դեկտեմբերի 11-ին ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշեց ամրապնդել Առաքելության ներկայիս Գործողությունների գոտում ՀԵՄԱ դիտորդական կարողությունը` տեղում աշխատակիցների ներկայության թիվը ավելացնելով 138-ից` 209։
ՀԵՄԱ ղեկավար Մարկուս Ռիտերը նշում է.
«Առաքելության համալրումը և աշխատակիցների թվի աճը մեզ թույլ կտա ավելի հաճախ իրականացնել պարեկություն, նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը։ Մենք ամենօրյա պարեկություն ենք իրականացնում իրավիճակը տեղերում դիտարկելու և տեղեկագրելու նպատակով։ Այս հատուկ օրվա կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Առաքելության անդամներին իրենց կատարած կարևոր աշխատանքի համար ինչպես նաև ԵՄ 23 Անդամ պետություններին, որոնք ապահովում են առաքելությունը աշխատակիցներով։ Շնորհակալություն նաև Կանադային, իրենց առաջին փորձագետը ՀԵՄԱ գործուղելու հետ կապված։ Կուզենայի իմ անկեղծ գնահատանքը հղել նաև Հայաստանյան մեր ընկերներին և գործընկերներին ջերմ հյուրընկալման և անցած տարվա գերազանց համագործակցության համար»։
ԵՄ Քաղաքացիական գործողությունների հրամանատար Սթեֆանո Թոմաթը նշել է.
«Անչափ հպարտ եմ մինչև այս պահը Առաքելության ձեռքբերումներով։ Այն իր գործունեությունը կատարել է օրինակելիորեն արհեստավարժ։ ՀԵՄԱ ներկայությունը տեղում տարածաշրջանի մեջ խաղաղության և կայունության հանձնառությունների ապացույց է»։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀԵՄԱ աշխատակազմին իրենց նվիրվածության համար։ ՀԵՄԱ-ն օժանդակում է կարգավորման նպաստավոր միջավայրի հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստանի շուրջ իրավիճակի կայունացման արժեքավոր գործոն է»։
ՀԵՄԱ-ն գործում է Եղեգնաձորում գտնվող Շտաբից, ներառյալ վեց Առաջավոր օպերատիվ հենակետերը Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում և Իջևանում։ Առաքելությունը պատրաստվում է Երևանում հիմնել Կապի և համակարգման գրասենյակը։ Առաքելությունը երկու տարվա մանդատ ունի, որը գործում է մինչև 2025թ․ փետրվար ամիսը։
ԶԼՄ հարցում:
ՀԵՄԱ մամուլի և տեղեկատվության գրասենյակ