Հայաստան-Ադրբեջան. ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը հակամարտության կարգավորման և հաշտեցման ջանքերի վերաբերյալ
Այս շաբաթ լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ավարտի երկամյակը։ Այդ կապակցությամբ ԵՄ-ը հիշում է վերջին 30 տարվա ընթացքում հակամարտության հետևանքով հայկական և ադրբեջանական կողմերի բոլոր զոհերին։ Լիովին գիտակցելով այս ծանր ժառանգությունը՝ ԵՄ-ն երկու կողմին կոչ է անում շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցմանն ուղղված ջանքերը՝ նպատակ ունենալով կանխել անհարկի մարդկային կորուստները և վնասները։
ԵՄ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից իրականացված բազմաթիվ քայլերը՝ հաղթահարելու իրենց տարբերությունները և հասնելու տարածաշրջանում հարատև ու կայուն խաղաղության։ ԵՄ-ը գոհունակություն է հայտնում տարբեր մակարդակներում և ձևաչափերով ընթացող բանակցություններում նրանց կայուն ներգրավվածության առնչությամբ: Թեև ակնհայտ է, այս բանակցությունները բարդ են և պահանջվելու է տևական ժամանակ, այնուամենայնիվ կարևոր է պահը չկորցնել, համաձայնության գալ առաջընթացի կոնկրետ քայլերի շուրջ և ապահովել անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների:
Այսպիսի փխրուն միջավայրում, երբ վերջին 30 տարվա վերքերը դեռևս հեռու են սպիանալուց, ԵՄ-ը վերստին կոչ է անում կողմերին մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրացումից, այդ թվում՝ զերծ մնալ միմյանց դեմ սպառնալիքներ և մեղադրանքներ հնչեցնելուց կամ ռազմական սադրանքներից և այլ գործողություններից։
ԵՄ-ը կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը, արձագանքելու երկու կողմի ցանկությանը և աջակցելու բոլոր չլուծված հարցերին ուղղված համապարփակ և արդարացի կարգավորման նրանց աշխատանքին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի անձնական ջանքերի միջոցով, ինչպես նաև ԵՄ այլ մեխանիզմների ներդրմամբ։