This isn't an official website of the European Union

Ադրբեջան. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը

22.09.2023 EEAS Press Team

Եվրոպական միությունը դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ցավում է այս էսկալացիայի հետևանքով տեղի ունեցած զոհերը և մարդկային կյանքի կորուստները։

Ի գիտություն ենք ընդունել հրադադարի վերաբերյալ համապատասխան հայտարարությունները։ Ակնկալում ենք, որ մարտական գործողություններն անհապաղ և ամբողջական կերպով կդադարեցվեն, ինչպես նաև հրադադարը կպահպանվի։

Եվրոպական միությունը կոչ է անում Ադրբեջանին թույլատրել անհապաղ և անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն կարիքի մեջ գտնվող բնակչության համար, այդ թվում՝ ամբողջպես վերաբացելով Լաչինի միջանցքը՝ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի և հուլիսի որոշումների համապատասխան։ Մարդասիրական դերակատարները պետք է ազատորեն գործելու հնարավորություն ունենան: Եվրոպական միությունը և ԵՄ անդամ պետությունները պատրաստ են ցուցաբերել հրատապ մարդասիրական օգնություն։

Եվրոպական միությունը կոչ է անում Բաքվին և Ղարաբաղի հայերին անհապաղ ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ։

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու լիարժեք հարգանքը Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների նկատմամբ, ներառյալ՝ իրենց տներում առանց ահաբեկման կամ խտրականության ապրելու իրենց իրավունքը: Ռազմական կամ այլ ուժի կիրառմամբ քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը կստանա Եվրոպական միության խիստ արձագանքը:

ԵՄ-ը պատրաստ է ձեռնարկել համարժեք քայլեր իրավիճակի էլ ավելի վատթարացման պայմաններում:

Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր անվերապահ հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։

ԵՄ-ն պատրաստ է շարունակել իր աջակցությունը ժողովրդավարական ճանապարհով ընտրված Հայաստանի իշխանություններին՝ աջակցելու դիմակայունությանը, անվտանգությանը և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությանը։ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (ՀԵՄԱ) կշարունակի դիտարկել անվտանգության իրավիճակը Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում և զեկուցել իրավիճակի մասին։

Եվրոպական միությունը կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկա հարցերի վերաբերյալ՝ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով և շարունակում է իր լիարժեք հանձնառությունն՝ աջակցելու այդ բանակցություններին։

Եվրոպական միությունը լիովին հանձնառու է կողմերի միջև երկխոսության խթանմանը, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի Նախագահի հովանու ներքո՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ՝ որպեսզի կայուն խաղաղություն ձևավորվի՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:

Peter Stano
Lead Spokesperson for Foreign Affairs and Security Policy
+32 (0)460 75 45 53
Josephine MOREAU
Press Officer for Foreign Affairs and Security Policy