This isn't an official website of the European Union

Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օր՝ 10-ը հոկտեմբերի 2024թ Եվրոպական միության բարձր ներկայացուցչի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի

Մահապատիժը պատժի դաժան և անմարդկային միջոց է, որը ծայրաստիճան ոտնձգություն է մարդու արժանապատվության և անձի անձեռնմխելիության նկատմամբ:

Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական միությունը (ԵՄ) և Եվրոպայի խորհուրդը վճռականորեն վերահաստատում են, որ աներկբա ժխտում են մահապատիժը և դրա վերականգնումը, բոլոր դեպքերում և բոլոր հանգամանքներում։

Մենք ողջունում ենք մահապատժի վերացման ուղղությամբ համաշխարհային աճող աջակցությունը։ Աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդն օրենքով կամ գործնականում վերացրել է մահապատժի կիրառումը: Անցյալ տարվա ցուցանիշներով մահապատիժներ իրականացրած երկրների թիվը հասել է ռեկորդային նվազագույն շեմի։

Չնայած մահապատժի վերացման այս միտումներին,  մի շարք երկրներում այն դեռևս կիրառվում է։ 2023 թվականին ամենաշատ մահապատիժներ իրականացրած հինգ երկրներն են՝ Չինաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Սոմալին և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Միայն Իրանին բաժին է ընկել բոլոր գրանցված մահապատիժների 74%-ը: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ազոտային հիպոքսիայի՝ վիճելի մեթոդի օգտագործմամբ մահապատժի կիրառումը, մեծ մտահոգության առիթ է: Բելառուսը միակ երկիրն է Եվրոպա մայրցամաքում, որտեղ մինչ այժմ իրականացվում է մահապատիժ։

Մենք կոչ ենք անում բոլոր այն պետություններին, որտեղ դեռ պահպանվում է մահապատիժը, մորատորիում սահմանել մահապատժի կիրառման նկատմամբ՝ որպես դրա վերջնական վերացմանն ուղղված առաջին քայլ։ 

Մահապատժի կողմնակիցները հաճախ իրենց փաստարկները հիմնավորում են այն գաղափարի վրա, որ այն կանխում է հանցագործությունը: Այնուամենայնիվ, ապացույցները հստակ ցույց են տալիս, որ հանցագործությունը կանխելու կամ նվազեցնելու գործում մահապատժի կիրառումն ունի քիչ կամ չունի ազդեցություն:

Մահապատիժն ավելի ապահով չի դարձնում հասարակությունները. ավելին, մահապատիժն անդառնալի է դարձնում արդարադատության գործած սխալները:

Եվրոպայի խորհուրդը և ԵՄ-ն հանձնառու են ամրապնդել իրենց համագործակցությունը՝ հակազդելու այն պատմություններին, որոնք նպաստում են մահապատժի վերականգնմանը, ներառյալ Եվրոպայում, և խթանելու բաց և ժողովրդավարական քննարկում՝ աշխարհի բոլոր մասերում մահապատժին մեկընդմիշտ վերջ դնելու ուղղությամբ:

Մենք վճռական ենք աջակցել մահապատժի կիրառման շուրջ թափանցիկությունը բարելավելու և երիտասարդների և քաղաքացիական հասարակության հետ մեր ներգրավվածության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին:

Մահապատիժը անցյալի մնացորդ է, որը տեղ չպետք է ունենա 21-րդ դարում։ Այն պետք է վերացվի հիմա։