This isn't an official website of the European Union

Եվրոպական միությունն ընդլայնում է Երեւանում էներգաարդյունավետ վերանորոգումներին ուղղված աջակցությունը

  • ԵՄ-ի տրամադրած ավելի քան 10 միլիոն եվրո դրամաշնորհը կլրացնի ԵՆԲ Գլոբալի 25 միլիոն եվրո վարկը՝ Երեւանում էներգաարդյունավետության բարելավման համար:
  • ԵՄ ներդրումային դրամաշնորհը կաջակցի Երեւանի քաղաքապետարանին ավելի քան 100 000 քառ. մետր ընդհանուր մակերեսով հասարակական շենքերի վերանորոգման գործում:
  • Նախագիծը կնպաստի Հայաստանի ավելի կանաչ եւ կայուն զարգացմանը։

 

Այսօր ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեցին Երեւանում էներգաարդյունավետության բարելավման համար ԵՄ ավելի քան 10 միլիոն եվրո դրամաշնորհի մասին։

Եվրամիության այս ներդրումային դրամաշնորհը նախատեսված է լրացնելու ԵՆԲ Գլոբալի հետ 2023 թվականի նոյեմբերին ստորագրված 25 միլիոն եվրո վարկային համաձայնագիրը: Երեւանի քաղաքապետարանն այս միջոցները կօգտագործի ավելի քան 100,000 քառ. մետր ընդհանուր մակերեսով հանրային շենքերի վերանորոգման համար՝ կենտրոնանալով էներգիայի սպառման եւ CO₂ արտանետումների կրճատման վրա: Այս ջանքերի համար հիմք կծառայեն քաղաքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբնական ծրագրի ընթացքում քաղած դասերը։ Նախատեսվում է էներգաարդյունավետ վերանորոգում իրականացնել թվով 6 պոլիկլինիկաներում եւ 32 մանկապարտեզներում: Հիմնական միջոցառումները ներառում են շենքերի երեսպատման թարմացումը, պատուհանների փոխարինումը, ինչպես նաեւ արդյունավետ կաթսաների, արեւային ջրատաքացուցիչների եւ էներգախնայող լուսավորության տեղադրումը: Այս բարելավումները ոչ միայն կնպաստեն էներգաարդյունավետության բարձրացմանը, այլեւ կերկարացնեն շենքերի կյանքի տեւողությունը եւ ավելի մեծ հարմարավետություն կապահովեն դրանց օգտագործողներին:

«ԵՄ-ի այս դրամաշնորհն արագացնում է Երեւանի քաղաքապետարանի ջանքերն այս փոխակերպիչ նախագծի շրջանակներում՝ Հայաստանն առաջ մղելով դեպի ավելի կանաչ եւ ավելի կայուն ապագա։ Նախագիծը ոչ միայն կնպաստի Երեւանում էներգիայի սպառման եւ ածխածնի հետքի կրճատմանը, այլեւ մեծապես կբարելավի երեխաների, մանկավարժների, հիվանդների եւ բուժաշխատողների կյանքի որակը: Այս նախաձեռնությունը, ունենալով էական տնտեսական եւ բնապահպանական օգուտներ, հանդիսանում է Հայաստանում դրական, ազդեցիկ փոփոխությունների նկատմամբ «Թիմ Եվրոպա»-ի հանձնառության օրինակ», - նշել է ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով համակարգում է բանկի գործունեությունը Հայաստանում։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է. «Երբ մեկ տարի առաջ ժամանեցի Հայաստան, ուրախություն ունեցա այցելելու մի քանի մանկապարտեզներ, որոնք հիմնանորոգվել էին նաեւ ԵՄ աջակցությամբ։ «Կանաչ Երեւան»-ը ընտանիքներին եւ երեխաներին կայուն ծառայություններ ապահովելու նպատակով համատեղ ներգրավվածության առանցքային կոմպոնենտ է, եւ ուրախությամբ ողջունում ենք այսօր 36 հավելյալ քաղաքային շենքերի ֆինանսավորման ստորագրումը: Էներգաարդյունավետությունը, էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացումն ու անվտանգությունը շարունակում են մնալ մեր դիմակայունության եւ աճի ծրագրի առանցքային բաղադրիչը»:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նկատել է. «Ծրագիրը կօժանդակի Հայաստանի երկարաժամկետ բնապահպանական եւ տնտեսական նպատակներին՝ խթանելով էներգախնայողությունը, նվազեցնելով ածխածնի արտանետումները եւ բարելավելով հանրային ենթակառուցվածքները՝ միաժամանակ բարելավելով կենսական նշանակության հանրային ծառայությունները, ինչպիսիք են առողջապահությունը եւ կրթությունը»։

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Ուրախ եմ արձանագրելու, որ բոլոր երկրներում բնապահպանական գիտակցումը շարունակաբար ավելանում է: Կանաչ օրակարգը մեզ համար առաջնահերթություն է և այն կբարելավի մեր քաղաքացիների կյանքի որակը, կխթանի կայուն աճը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր։ ԵՄ աջակցությունը և ԵՆԲ-ի մասնակցությունն այս գործընթացին կապահովի մեր ներառական առաջընթացը դեպի ցածր ածխածնային և կանաչ տնտեսություն:

Նախաձեռնությունը համահունչ է Արեւելյան գործընկերության համար ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրին, որը մասնավորապես նպաստում է «Ներդրումներ կանաչ Երեւանում. էներգաարդյունավետություն» առաջնահերթությանը։ Այն նաեւ ԵՄ «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) ռազմավարության մաս է կազմում: Այն նշանակալի քայլ է դեպի կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունությունը՝ միաժամանակ աջակցելով երկրի կայուն զարգացմանը։

Ընդհանուր տեղեկատվություն

ԵՆԲ-ի եւ ԵՆԲ Գլոբալի մասին

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական միության երկարաժամկետ ֆինանսավորման հաստատություն է, որը պատկանում է անդամ պետություններին։ Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում հուսալի ներդրումների համար՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա եւ շրջակա միջավայր, փոքր եւ միջին ձեռնարկություններ (ՓՄՁ-ներ)։

ԵՆԲ Գլոբալը ԵՆԲ խմբի մասնագիտացված ստորաբաժանում է, որի նպատակն է զարգացնել միջազգային համագործակցությունները եւ զարգացման ֆինանսավորման ազդեցությունը՝ նպաստելով Եվրոպական միության երեք համընդգրկուն առաջնահերթություններին. «Եվրոպական կանաչ գործարք» (European Green Deal), «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) եւ կայուն ու ներառական աճ։ «Թիմ Եվրոպա»-ի կազմում ԵՆԲ Գլոբալը խթանում է ուժեղ, կենտրոնացած համագործակցություններ՝ գործակցելով այլ զարգացման ֆինանսավորման հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ սերտորեն աշխատելով այլ բազմակողմ զարգացման բանկերի հետ։ ԵՆԲ Գլոբալն ավելի է մոտեցնում ԵՆԲ խմբին տեղի մարդկանց, ընկերություններին եւ հաստատություններին ամբողջ աշխարհում գործող գրասենյակների միջոցով՝ ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչությունը, որն ընդգրկում է նաեւ Հայաստանը։

Հայաստանում ԵՆԲ գործունեության մասին

ԵՆԲ-ն Հայաստանի հետ աշխատում է 2010 թվականից: Բանկն այստեղ գործում է Եվրոպական հարեւանության քաղաքականության, Արեւելյան գործընկերության եւ ԵՄ այլ երկկողմ համաձայնագրերի համաձայն: Վերջին տասնամյակում Բանկը ֆինանսավորել է ծրագրերի լայն շրջանակ՝ ենթակառուցվածքներից եւ փոքր բիզնեսից մինչեւ ջրամատակարարման ծառայություններ եւ կոյուղաջրերի մաքրում: Այն նաեւ ֆինանսավորում է միջսահմանային կապերը՝ նպաստելով ավելի անվտանգ եւ կայուն ճանապարհների կառուցմանը։

ԵՆԲ-ի եւ «Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերություն» (E5P) բազմադոնոր հիմնադրամի 15 միլիոն եվրո ներդրումով Երեւանի էներգաարդյունավետության առաջին ծրագիրը շարունակության փուլում է եւ կոչված է բարելավելու Երեւանի 50 մանկապարտեզների էներգաարդյունավետությունը, սեյսմիկ անվտանգությունը եւ սանիտարական պայմանները: Ծրագիրը կբարելավի քաղաքում բնակվող ավելի քան 1 միլիոն մարդու կյանքի որակը:

Կապ ԶԼՄ-ների հետ

ԵՆԲ՝

Բեգում Իման, [email protected] +352 691 299 788

Վեբկայք՝ www.eib.org/press — Մամուլի գրասենյակ՝ +352 4379 21000 — [email protected]