This isn't an official website of the European Union

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձն Եվրոպայի օր 2024-ի կապակցությամբ

Բարև Ձեզ,

Մայիսի 9-ին մենք տոնում ենք Եվրոպայի օրը։ Օրը հայտնի է, որպես Շումանի հռչակագրի օր Հռչակագիրը կոչ էր հանուն եվրոպական միասնության  և Եվրոպայում ու աշխարհում խաղաղության, որը  Շումանը հայտարարել էր դեռևս 1950 թվականին, երբ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էր։ Այն ժամանակ երբ Եվրոպան դեռևս ազդված էր մահ սպրդող  պատերազմի ծանր հետևանքներից, Եվրոպայի հայրերի հեռատես և հաշվետու սերնդի կողմից հանուն խաղաղության, հաշտեցման և համատեղ ապագայի ստեղծման կոնկրետ քայլեր ձեռնարկվեցին: Այս առիթով ցանկանում եմ արժեվորել ընդդեմ ֆաշիզմի և ամբողջատիրության պայքար մղած մեծաթիվ հայերի կարևոր ներդրումը։

Եվրոպացիները դեռևս 1950 թվականից են կատարել  իրենց ընտրությունը՝ ընտրելով ապագան՝ անցյալի փոխարեն, ընտրելով  խաղաղությունը՝ պատերազմի փոխարեն, ընտրելով համագործակցությունն ու բարեկամությունը՝ պառակտումների և ատելության փոխարեն։ Եվրոպական միությունը տարիներ շարունակ հանդես է եկել որպես մայրցամաքում խաղաղություն, կայունություն և բարեկեցություն խթանող ուժ: Այս տարի մայիսին մենք նշում ենք նաև ԵՄ ընդլայնման հինգերորդ շրջափուլի 20-ամյա հոբելյանը, երբ կենտրոնական, արևելյան և հարավային Եվրոպայի տաս պետությունների քաղաքացիները դարձան ԵՄ քաղաքացիներ, ինչը մեզ դարձրեց ավելի ուժեղ։ Եվ չնայած առկա մարտահրավերներին մենք այսօր ևս շարունակում ենք պայքարել հանուն մեր արժեքների, բարեկեցության, ազատության և կանոնահենք միջազգային կարգի պահպանման: Եվրոպական միությունը անշեղ օրինակ է առ այն, որ ուժը միասնությունն է բազմազանության մեջ:

Եվրոպայի օրը նշում ենք նաև այստեղ՝ Հայաստանում։ Տոնը առիթ է ընձեռում տեղեկացնելու   Հայաստանում Եվրոպական միության կողմից իրականացվող նախաձեռնությունների մասին և վերահաստատելու խաղաղ, ժողովրդավար, բարեկեցիկ և համերաշխ ապագա ունենալու մեր համատեղ հանձնառությունը:

Այս տարի Եվրոպայի օրը նշում ենք մայիսի 10-ից հունիսի 7-ը Երևանում և մարզերում՝ մասնավորապես Լոռիում և Սյունիքում։ Երևանում «Եվրոպան մենք ենք» խորագրով  լուսանկարչական ցուցահանդեսի շրջանակում ներկայացնում ենք թե ինչպես է ԵՄ-ի հետ համագործակցությունը փոփոխություն բերում մարդկանց կյանքում։

Լոռու մարզում և Գորիսում անցկացվող տոնավաճառների ընթացքում ներկաները  կծանոթանան ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին: Լոռիում կներկայացվեն կրթության ոլորտում և մեդիագրագիտության խթանման ուղղությամբ մեր ներդրումները։ Գորիսում կներկայացնենք «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որի  շրջանակում արդեն մոբիլիզացվել է ավելի քան 120 միլիոն եվրո ներդրում մարզի  տնտեսական, սոցիալական և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Մայիսի 29-ից հունիսի 7-ը կանցկացվի Եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը  հնարավորություն կտա դիտել ֆիլմերի ընտրանի ԵՄ անդամ պետություններից և Հայաստանից:

Եվրոպական միությունը և Հայաստանը աշխատում են համագործակցության խորացման ուղղությամբ։ Գործընկերության նոր օրակարգի միջոցով մեր համագործակցությունը՝  կբարձրանա նոր՝ ավելի բարձր մակարդակի` շարժունակությունից և միգրացիայից մինչև էներգետիկ և տրանսպորտային կապի ավելացում, առևտրի բազմազանեցում, կրթություն, հետազոտություններ և նորարարություն:

Ժողովրդավարությանն ուղղված բարեփոխումներին մեր աջակցությունը շարունակական կլինի։ Մենք միասին կաշխատենք ռազմավարական հաղորդակցության և լրատվամիջոցների դիմակայունության բարելավման ուղղությամբ: Քաղաքացիական հասարակության հետ մեր համագործակցությունը նույնպես առանցքային կլինի՝ ուշադրությունից դուրս չթողնելով ոչ ոքի։

ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու հարաբերությունների  նորմալացմանը։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը, որը վերահսկում է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում, վկայում է մեր հանձնառության մասին։

Վերջերս հայտարարված Դիմակայունության և աճի նոր ծրագիրն էլ ավելի կամրապնդի Հայաստանը։ Դիմակայուն հասարակությունը, ինչպես նաև  միակցվածության և գործարարության ոլորտների ուղղությամբ ներդրումներով հզոր և բազմազանեցված տնտեսությունն առանցքային են երկրի ապագայի համար:

Շնորհավորում եմ բոլորին Եվրոպայի օրվա առթիվ։
Շնորհավոր Եվրոպայի օրը

Ուղերձը կարող եք դիտել այստեղ: