This isn't an official website of the European Union

Եվրոպական միությունն ու Հայաստանը հանձնառություն են ստանձնել միասին աշխատել՝ ի օգուտ ՀՀ և ԵՄ քաղաքացիների բարօրության, նպաստել  ժողովրդավարության և քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը։ Կողմերը հանձնառու են խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներով, ինչպես նաև՝ ընդլայնել համագործակցությունն ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում` նպատակ ունենալով ամրապնդելու իրավունքի գերակայություն և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։  

Քաղաքական հարաբերություններ

  • ՀԸԳՀ։  
  • Արևելյան գործընկերություն։  
  • Տարածաշրջանային համատեքստ և հակամարտության կարգավորում։ 

ԵՄ-ն և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» փոխարինեց 1999թ․ ստորագրված «Գործընկերության և համագործակցության համաձայնագրրին»․ ՀԸԳՀ-ն ամուր հիմք է ապահովում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում բարեփոխումների օրակարգի հետագա ընդլայնման համար։ Հայաստանը և ԵՄ-ը շարունակում են քաղաքական և առևտի շուրջ երկխոսությունն այն ոլորտներում, որոնք  համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կողմից՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից բխող իր ստանձնած նոր պարտավորություններին։   

ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված մարմիններն են․ 

Գործընկերության խորհուրդ․ բաղկացած է կողմերի նախարարական մակարդակով ներկայացուցիչներից, որը ՀԸԳՀ ղեկավար մարմին է և հանդիպում է պարբերաբար՝ տարին առնվազն մեկ անգամ, վերահսկում և պարբերաբար դիտարկում է ՀԸԳՀ կիրարկումը։  

Գործընկերության կոմիտե․ աջակցում է գործընկերության խորհրդին՝ դրա պարտականությունների և գործառույթների կատարման հարցում: Գործընկերության ենթակոմիտեներն ու մյուս մարմիններն աջակցում են գործընկերության կոմիտեին և պարբերաբար հաշվետվություն են ներկայացնում իրենց գործունեության մասին։ 

Խորհրդարանական գործընկերության կոմիտե․ ծառայում է որպես հանդիպումների և կարծիքներ փոխանակելու հարթակ։ 

Քաղաքացիական հասարակության հարթակ․ ծառայում է որպես հանդիպումների և կարծիքների փոխանակման հարթակ է, կազմված՝  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից և Արևելյան գործընկերության հայ ազգային հարթակի ներկայացուցիչներից: Քաղաքացիական հասարակության հարթակը կարող է առաջարկություններ ներկայացնել գործընկերության խորհրդին, գործընկերության կոմիտեին և խորհրդարանական գործընկերության կոմիտեին։ 

Հայաստանը՝ որպես հարավկովկասյան երկիր, 2004թ․ ընդգրկվեց Եվրոպական հարևանության քաղաքականության, և 2009թ․ Արևելյան գործընկերության ձևաչափերում։   

2009թ․ մայիսին մեկնարկած Արևելյան գործընկերությունը համատեղ քաղաքական նախաձեռնություն է՝ միտված ԵՄ և Արևելյան գործընկերության (ԱլԳ) 6 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը։  

Եվրոպական հարևանության գործիքը հիմնական ֆինանսական գործիքն է, որի միջոցով իրագործվում են Արևելյան գործընկերության հավակնոտ նպատակները։  

2019թ. լրացավ Արևելյան գործընկերության  10-ամյակը, որի առիթով Եվրոպական հանձնաժողովն անցկացրեց լայնածավալ, ընդգրկուն խորհրդակցություններ՝ սահմանելու քաղաքական հետագա նպատակները։  

2021թ․ մարտին տեղի ունեցավ Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը՝ տեսակապի  միջոցով․ քննարկվեց  նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը,  ինչպես նաև վերահաստատվեց ռազմավարական գործընկերությունը։

Տարածաշրջանային համատեքստ և հակամարտության կարգավորում 

Եվրոպական միությունը լրջորեն հետաքրքրված է  Հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական կայունությամբ և տնտեսական բարեկեցությամբ․ այդուհանդերձ տարածաշրջանային համատեքստը դյուրին չէ։ Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ չլուծված հակամարտությունը շարունակում է մնալ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը։  

ԵՄ-ը շարունակում է հայտնել իր աջակցությունը  ԼՂ հակամարտության  խաղաղ և համակողմանի  կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներդրվող ջանքերին, այդ թվում՝ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով․ այդուհանդերձ, հետագա գործընթացում համանախագահների  դերակատարության հարցը դեռ մնում է բաց:  

Վաղ հետպատերազմյան միջավայրում վստահության ամրապնդման և երկխոսության համար հիմքեր ստեղծելու նպատակով զգուշավոր մոտեցմամբ ԵՄ-ն հանդես է եկել մի շարք ծրագրերով (EU4Peace, EU4Dialogue, EU4Culture) և արագ արձագանքման մեխանիզմի ներքո իրականացվող ծրագրերի միջոցով փորձում է հոգալ առավել հրատապ կարիքները: 

Տնտեսական հարաբերություններ, առևտուր, ներդրումներ

ԵՄ-ն Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության ամենախոշոր դոնորն է։ Հայաստանի անկախացումից ի վեր՝ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին։ ՀԸԳ համաձայնագրի արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով՝ ԵՄ-ն կավելացնի ֆինանսական աջակցությունը։ 2017-2020թթ Հայաստանին  հատկացվող ԵՄ աջակցության ծավալը կազմում է  շուրջ 211 մլն․ եվրո։ 

  • Զարգացմանն ուղղված համագործակցություն 
  • Առևտուր։ 
  • ԵՄ-Հայաստան «Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր»։ 
  • Էներգիա, տրանսպորտ, կլիմայի փոփոխություն,  շրջակա միջավայր, գյուղատնտեսություն։  
  • Կրթություն, գիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, թվայնացում։ 
  • Մարդասիրական օգնություն։ 

ԵՄ-Հայաստան համագործակցություն 

ԵՄ-ը Հայաստանին տրամադրում օժանդակություն՝    աջակցելու ՀԸԳՀ նպատակների իրագործմանը։ ԵՄ օժանդակությունը կապված է Հայաստանի Հանրապետությունում  բարեփոխումների իրականացման հանձնառության հետ և միտված է բարելավելու ՀՀ քաղաքացիների կյանքի որակը։ ԵՄ-Հայաստան համագործակցությունը միտված է աջակցելու իրավունքի գերակայության ամրապնդմանը, արդարադատության համակարգի բարեփոխումներին և արդարադատության մատչելիության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին։ Եվրոպական միությունն աշխատում է նաև գործարար միջավայրի բարելավման, գյուղական համայնքների և գյուղատնտեսության ոլորտի զարգացման, միակցվածության (այդ թվում՝ էներգիայի և տրանսպորտի ոլորտների) աջակցության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով։ 

Նշյալ քաղաքական նպատակների իրագործման նպատակով 

ԵՄ օժանդակությունը Հայաստանին ֆինանսավորվում է  2014-2020թթ Եվրոպական հարևանության գործիքի (ԵՀԳ)  շրջանակներում․ այն փոխարինում է 2007-2013թթ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքին (ԵՀԳԳ)։  

Ավելին՝  EU Assistance to Armenia

Առևտուր  

Եվրոպական միությունը Հայաստանի երկրորդ առևտրատնտեսական գործընկերն է, Հայաստանում արտադրված ապրանքների արտահանման առաջին և կարևորագույն ուղղությունը և ՀՀ առևտրատնտեսական գործընկերներից մեկը։ ԵՄ անդամ պետությունները Հայաստանից ներմուծում են  առավելապես վերամշակման ենթարկված ապրանքներ, արտադրական հումք,  խմիչք և ծխախոտ։ ԵՄ անդամ պետություններից դեպի Հայաստան արտահանվում են մեքենաներ, սարքավորումներ, վերամշակման ենթարկված ապրանքներ և քիմիական նյութեր։  

«Արտոնությունների ընդհանրացված համակարգ» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում Հայաստանից դեպի ԵՄ արտահանվող ապրանքների ծավալն աճել է․ 2019թ այն կազմում է 10798 մլն․ եվրո (2014թ․ 42 մլն․ եվրոյի համեմատ)։  

«ԵՄ մուտք շուկաներ» եվրոպական շուկաների առցանց հարթակի միջոցով հնարավոր է ստանալ տեղեկատվություն յուրաքանչյուր անուն ապրանքի գործող արտոնյալ սակագնի վերաբերյալ։ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» դիտանցման նոր կարգի համաձայն՝ մշտադիտարկման առաջին զեկույցը, որն ընդգրկում է 2018-2019թթ հրապարակվել է 2020 թվականին:  

Հաշվի առնելով հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2020թ․ Համաշխարհային բանկը երրորդ տարին անընդմեջ բարելավել է Հայաստանի դասակարգման խումբը՝ դասակարգելով այն միջինից բարձր եկամտային խմբում։   

Հետևաբար, մեկ տարվա անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո, Հայաստանը կդադարի  «Արտոնությունների ընդհանրացված համակարգի» շահառու լինելուց և  չի օգտվի կայուն զարգացման և լավ կառավարման խթանման հատուկ պայմանավորվածությամբ գործող  «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից»: 

Ըստ էության, սա նշանակում է, որ 2022թ․ հունվարից Հայաստանի համար այլևս կիրառելի չեն լինի  ներմուծման արտոնյալ սակագները․ փոխարենը ՀՀ-ը կօգտվի «առավել նախընտրելի ազգի կարգավիճակի» (MFN) տուրքերից, որոնք նախատեսված են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներքո:

ԵՄ-Հայաստան «Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր» 

2017թ․ նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախաստորագրվեց ԵՄ-Հայաստան «Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը»։ Համաձայնագրի ստորագրումից հետո նախատեսվում է, որ այն կբացի կողմերի մուտքը և կապահովի  նրանց ինտեգրումը համապատասխան ավիացիոն շուկաներին, կամրապնդի ավիացիայի ոլորտի  համագործակցությունը և կտրամադրի նոր   հնարավորություններ սպառողներին և օպերատորներին: 

Համաձայնագրով նախատեսվում է նաև Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման  հնարավորությունը, որը թույլ կտա վերացնել շուկայի խոչընդոտները և ապահովել Հայաստանի ասոցացումը ԵՄ-ն ներքին ավիացիոն շուկային՝ ապահովելով ՀՀ ավիացիոն օրենսդրության  ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին և ԵՄ ավիացիոն կանոնակարգերին։  Ըստ նախնական հաշվարկների՝ Հայաստանի հետ համաձայնագիրը կբարձրացնի ուղևորափոխադրումների ծավալը՝ հասցնելով  մինչև 87000 ուղևոր և պայմանագրի առաջին հինգ տարիների ընթացքում առաջացնելով 16 մլն եվրո սպառողական ավելցուկ: 

Էներգիա, տրանսպորտ, կլիմայի փոփոխություն, շրջակա միջավայր, գյուղատնտեսություն 

Էներգիա  

ԵՄ-ն կշարունակի վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, փոխկապակցվածության և էներգաարդյունավետության խթանմանն ուղղված ներդրումները՝ նպաստելով էներգիայի սպառման, աղտոտումների և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև տարածաշրջանում էներգիայի  և կլիմայի դիմակայունության ամրապնդմանը։ 

«Բարձր մակարդակի էներգաարդյունավետություն» ԵՄ նախաձեռնության նպատակն է համաչափ բնույթով ընդլայնել արդեն նախանշված միջոցառումների ծավալը և կենսագործել ԵՄ և Միջազգային ֆինանսական հաստատությունների՝ ԵՆԲ, ՎԶԵԲ, ՀԲ, ՄՖՀ և ԱՄՀ միջև ձեռք բերված համաձայնությունները, որոնք ուղղված են   բարեփոխումների աջակցությանը  և էներգաարդյունավետության ոլորտում ներդրումներ կատարելու վերաբերյալ համագործակցության ակտիվացմանը։ 

Կառավարման և բարեփոխումների առումով «EU4Energy» նախաձեռնության համագործակցության  շրջանակներում ցուցաբերված  լայնածավալ  ԵՄ աջակցությունը նպաստել է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման համար առավել բարենպաստ պայմանների զարգացմանը:  2021թ սկզբից մեկնարկեց «EU4Energy»  նախաձեռնության երկրորդ փուլը: 

Տրանսպորտ  

ԵՄ-ն սերտորեն համագործակցել է Հայաստանի, Արևելյան գործընկերության (ԱլԳ) մյուս երկրների, ինչպես նաև Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ Տրանս-եվրոպական տրանսպորտային (TEN-T) ցանցում  ներդրումների համար գործողությունների ծրագիրը նախապատրաստելու և վերջնականացնելու ուղղությամբ:   

Ակնկալվում է, որ Տրանս-եվրոպական տրանսպորտային  հիմնական ցանցի ընդլայնումը, հետամուտ՝ մինչև 2030 թ․, կխթանի միակցվածությունն ու զարգացումը Արևելյան գործընկերության ողջ տարածաշրջանում և կընձեռի ավելի լավ պայմաններ ու տնտեսական հնարավորություններ  քաղաքացիների և գործարարության ոլորտի համար, ինչպես նաև կապահովի ճանապարհային անվտանգության բարձրացումը։ 

Կլիմայի փոփոխություն  

Հայաստանը կլիմայի փոփոխության հավակնոտ օրակարգ ունեցող երկիր է, որը զգալի ջանքեր է գործադրում ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ` վերականգնվող էներգիայի տեսակարար կշիռը ավելացնելու, էներգաարդյունավետությունը խթանելու, անտառածածկը  պահպանելու և ընդլայնելու, ինչպես նաև ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելու միջոցով։  

Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակներում՝ Հայաստանն ստանձնել է անցում կատարել  «կանաչ» տնտեսության։ Հանձնառությունն ամրագրված է  Արևելյան գործընկերության գագաթնաժողովների  հռչակագրերով և ՀԸԳՀ դրույթներով։ «ԵՄ Կանաչ գործարք» և «Կանաչ վերականգնում» տիրույթները ԵՄ-Հայաստան օրակարգի կարևոր ուղղություններն են: EU4Sevan ծրագրի և ԵՄ Ջրի նախաձեռնություն+-ի միջոցով դրսևորվում է ԵՄ-Հայաստան ամուր ներգրավվածությունը Սևանա լճի և Գետավազանների կառավարման բնապահպանական աշխատանքներում, որը կհաջողի միայն այն դեպքում, երբ բոլորը համագործակցաբար ստանձնեն պատասխանատվություն: 

Գյուղատնտեսություն  

Գուղատնտեսության ոլորտն ապահովում է՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 18 տոկոսը, ինչպես նաև աշխատունակ բնակչության շուրջ 36 տոկոսի վճարովի զբաղվածությունը: 

Եվրոպական միությունն աջակցում է հայ ֆերմերներին․ դժվար պայմաններում հայտնվելիս՝ ԵՄ-ն օգնության ձեռք է մեկնում նրանց, ովքեր կարիք ունեն աջակցության: Բնական ռեսուրսների կառավարումը և թափոնների նվազեցման պատշաճ համակարգերի կիրառումը  գյուղատնտեսական կայուն արտադրության կարևոր նախադրյալներն են։ Ուստի «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի մեկնարկը տրվեց ճիշտ ժամանակին․ համավարակի ընթացքում ծրագիրը նպաստեց Հայաստանում ագրոբիզնեսի ոլորտի կայուն զարգացմանը: Գյուղական համայնքների բնակիչների հավասար հնարավորությունների ապահովումը, կայուն աճի խթանումը՝ սոցիալական առավելությունների և  շրջակա միջավայրի նկատմամբ հօգատար վերաբերմունքի համատեղմամբ սերտորեն առնչվում են «կանաչ գյուղատնտեսության» մոտեցումներին և մեթոդաբանությանը, որտեղ ԵՄ-ն  ստանձնել է միջազգային ճանաչում ունեցող առաջատարի դերը: ԵՄ աջակցության միջոցով ֆերմերները կարողացան ավելացնել բերքատվության ծավալները, դիվերսիֆիկացնել իրենց արտադրանքը և ավելի ինքնաբավ աշխատել՝ այս դժվար ժամանակներում։  

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիրն օգնում է գտնել լուծումներ պարենային անապահովության ու աղքատության խնդիրների, շրջակա միջավայրի իրավիճակի վատթարացման  և սպասվող կլիմայի արտակարգ իրավիճակի հետ կապված խնդիրների ուղղությամբ: 

Կրթություն  

Նախորդ տասնամյակում ԵՄ-ն էական աջակցություն է ցուցաբերել կրթության ոլորտին՝ ուշադրության տակ պահելով հատկապես մասնագիտական ​​կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և բարձրագույն կրթության ուղղությունները, մասնավորապես՝ «Էրամուս+» ծրագրի միջոցով․ Աջակցություն է տրամադրվել ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների կոնվերգենցիայի կենտրոնի ստեղծմանը։ «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն շրջանակներում աջակցություն է տրամադրվել տարրական կրթության ոլորտի ուղղությամբ։  

Տարածաշրջանային աջակցություն միջոցով Հայաստանի համար ապահովվում են ԵՄ հետևյալ ծրագրերը. «Հորիզոն 2020», «COSME», «EU4Youth» և «Ստեղծագործ Եվրոպա»։ Արդեն հասանելի է նաև «Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց»-ը: 

Թվայնացում   

2002թ․ ի վեր՝ Եվրոպական միությունն ակտիվ ներգրավված է էլկտրոնային կառավարման և թվայնացման ոլորտներում։ Համագործակցությունը ներառում է Եվրոպական միության աջակցությունը Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգի, հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային համակարգի, սահմանակետերում ավտոմեքենաների գրանցման «Մեկ պատուհան» համակարգի, վարորդական իրավունքների տրամադրման էլեկտրոնային համակարգի, էլեկտրոնային ոստիկանություն (e-police), էլեկտրոնային քաղաքացի (e-Citizen) հարթակների, Էլեկտրոնային վիզա համակարգի (e-visa), էլեկտրոնային ապոստիլ համակարգի (e-apostille), էլեկտրոնային նոտար համակարգի (e-notary), իրավական ակտերի նախագծերի թափանցիկ ու հեշտ քննարկումը հնարավոր դարձնող միասնական հարթակի (e-draft), կառավարությանը դիմումներ, բողոքներ կամ առաջարկություններ ներկայացնելու համար նախատեսված էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request) և այլն էլեկտրոնային հարթակների գործարկումը: 

Ավելին ՝

Մարդասիրական օգնություն  

Քովիդ-19 համավարակով պայմանավորված  ճգնաժամը և հետպատերազմյան իրավիճակը հաղթահարելու նպատակով Եվրոպական միությունը Հայաստանին տրամադրում է մարդասիրական օգնություն։ Այս տրամաբանությամբ համավարակի ողջ ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ի գործ դնելով  ԵՄ «Արագ արձագանքման մեխանիզմի» միջոցները մարզերում բնակվող անձանց ապահովել է պարենային ապրանքներով, հիգիենայի պարագաներով և  հեռավար կրթության համար անհրաժեշտ սարքերով: ԵՄ «Արագ արձագանքման մեխանիզմի» շրջանակներում աջակցություն է տրամադրվել նաև ԼՂ պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին: Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության վարչությունը (DG ECHO) տարածաշրջանին հատկացրել է 70 մլն եվրո մարդասիրական օգնություն: 

Քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքներ, արդարադատություն, ժողովրդավարություն իրավունքի գերակայություն

Քաղաքացիական հասարակության ծրագրերի պորտֆելը ներառում է բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են   Հայաստանի քաղաքացիական հասարակության ներգրավման 2018-2020թթ. ԵՄ ճանապարհային քարտեզում ամրագրված հիմնական գերակայությունների իրագործմանը։  

Եվրոպական միությունն ու Հայաստանը վարում են  մարդու իրավունքների շուրջ կանոնավոր քաղաքական երկխոսություն՝ անցկացնելով տարեկան հանդիպումներ։  

ԵՄ-Հայաստան ՀԸԳ hամաձայնագրում  կարևոր հղում է կատարվում համապատասխան բարեփոխումների խթանման վերաբերյալ: Մարդու իրավունքները հասցեագրվում են համապարփակ եղանակով՝ ներառելով օրենսդրական վերանայումներ, ընթացակարգերի և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված գործողություններ: 

Քաղաքացիական հասարակություն 

2022թ․ սկզբին հաստատված նոր ճանապարհային քարտեզն ընդգրկում է քաղաքացիական հասարակության միջավայրում առկա և գործունեության ընթացքում բախվող մարտահրավերների համառոտ վերլուծությունը։ Այն սահմանում է Հայաստանում ՔՀԿ-ների հետ ԵՄ ներգրավվածությանը միտված գերակա ուղղություններն ու գործողությունները, ինչպես նաև մասնավորեցնում գործողությունների զարգացումը բնութագրող ցուցանիշները։

ԵՄ-ի և Հայաստանի միջև 2021-2027թթ․ նախասահմանված (indicative) բազմամյա ծրագրի միջնաժամկետ վերանայմանը համահունչ՝ ճանապարհային քարտեզը սահմանում է ՔՀԿ-ների հետ ԵՄ համագործակցության միջնաժամկետ նպատակները և ներառում է քաղաքական երկխոսության, տեխնիկական և ֆինանսական աջակցության մանրամասները։

Մարդու իրավունքներ  

2021թ․ մարտի 25-ին տեղի ունեցավ մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության նիստը։ 2019թ դեկտեմբերին հաստատվեց «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ գործողությունների ծրագիրը», որը համահունչ է ՀԸԳՀ դրույթներով նախանշված գերակայություններին։ Մարդու իրավունքների ազգային ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով նախանշվում են ռազմավարական գերակայություններն ու հատուկ գործողությունները՝ միտված ՀՀ սահմանադրությամբ  և Հայաստանը, որպես կողմի մասնակցությամբ միջազգային պայմանագրերով երաշխավորած իրավունքների իրացմանը։ Ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը մշակվել են քաղաքացիական հասարակության հետ բաց և կառուցողական խորհրդակցությունների միջոցով: 

«Երկրի մակարդակով իրականացման ծրագիր (CLIP)՝ ՀԱՅԱՍՏԱՆ» փաստաթուղթը հաստատվել է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների կողմից: Այն հիմնված է 2021-2027 թթ Բազմամյա ինդիկատիվ ծրագրի (MIP), Մարդու իրավունքների ոլորտում երկրի՝ 2021-2024 թթ ռազմավարության և 2021թ Հայաստանի Հանրապետության «Երկրի գենդերային բնութագիր՝ Հայաստան» փաստաթղթի վրա։

«CLIP Հայաստան» փաստաթուղթն ընդգրկում է ինչպես ծրագրային, այնպես էլ քաղաքական հանձնառություններ և առաջարկում կոնկրետ գործողություններ և նախաձեռնություններ՝ մինչև 2025 թվականը Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարությունը խթանելու համար: Սույն փաստաթուղթը մշակվել է Հայաստանի իշխանությունների, ԵՄ անդամ երկրների, կանանց կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ դերակատարների հետ խորհրդակցությունների արդյունքում:

 

Հայաստանի Հանրապետության «Երկրի գենդերային բնութագիր» փաստաթուղթն ուսումնասիրում է սոցիալական, քաղաքական և տնտեսական, այդ թվում՝ «ԵՄ Գենդերային գործողությունների պլան III»-ում (GAP III) ներառված ԵՄ ներգրավվածության թեմատիկ ոլորտների մի շարք հիմնախնդիրներ՝ գենդերային տեսանկյունից: Դրա նպատակն է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը «ԵՄ Գենդերային գործողությունների պլան III»-ին համահունչ՝ տրամադրել համապարփակ տեղեկատվություն և առաջարկություններ՝ «Երկրի մակարդակով իրականացման ծրագրի» մշակման վերաբերյալ որոշումների կայացման և կառավարությանը՝ գենդերային մեյնսթրիմինգի և գենդերային հավասարության ուղղությամբ ջանքերն առավելագույնի հասցնելու աջակցության նպատակով:

Սույն փաստաթուղթն ուսումնասիրում է Հայաստանի ազգային համատեքստը, շեշտադրում դրա իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը գենդերային հավասարության և կանանց հզորացման (GEWE)համատեքստում, առաջարկում ոլորտ առ ոլորտ գենդերային վերլուծություն և տրամադրում կանանց և տղամարդկանց վրա COVID-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ազդեցության հետևանքների գնահատում։ Վերջին գլխում ներկայացված են առաջարկություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը Երկրի մակարդակով իրականացման պլանի (CLIP) մշակման գործում աջակցության նպատակով:

«Երկրի գենդերային բնութագիր» փաստաթուղթը պատրաստվել է «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների պատուհան» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Niras» կազմակերպության  կողմից: Դրա բովանդակությունը բացառապես NIRAS-ի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

Եվրոպական միությունը հորդորում է Հայաստանին շարունակել ջանք գործադրել լիովին կազմավորված ժողովրդավարություն կառուցելու ուղղությամբ՝ ապահովելով արդյունավետ կառավարումը, իրավունքի գերակայությունը և  մարդու իրավունքների, այդ թվում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը։  

Արդարադատություն, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն 

ՀԸԳՀ չափանիշներին և հարակից՝ Արդարադատության ոլորտի բարեփոխումների շուրջ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքական երկխոսությանը համահունչ` Հայաստանին տրամադրվում է համապարփակ աջակցության փաթեթ՝ ուղղված արդարադատության համակարգում բարեվարգության  և հաշվետվողականության ամրապնդմանը, ժամանակակից և որակյալ դատական ծառայությունների մատչելիության  բարելավմանը և օժանդակությանը, ինչպես նաև  Կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգի իրագործմանն աջակցելու նպատակով: 

ԵՄ օժանդակությունը տրամադրվում է ի լրումն  տեխնիկական և կարողությունների զարգացման աջակցության այլ գործիքների, մասնավորապես՝ ԵՄ-ԵԽ Արևելյան գործընկերության երկրների «Գործընկերություն հանուն լավ կառավարման» և «EU4Integrity» ծրագրերի։   

Մշակութային և հանրային դիվանագիտություն

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության  մշակութային դիվանագիտության և հանրային դիվանագիտության շրջանակներում կազմակերպվում են միջոցառումներ՝ նշելու  «Եվրոպայի օրը», «Եվրոպական ժառանգության օրերը», «Լեզուների եվրոպական օրը» «Եվրոպական միության այցելուների ծրագիրը» և այլն: Հնարավորությունների շրջանակներում մենք նաև փորձում ենք աջակցել  նմանօրինակ՝ Եվրոպական միության հետ կապ ունեցող միջոցառումների իրականացմանը։ 

EU4Culture 

«EU4Culture» նախաձեռնությունը մշակույթի ոլորտում  ներկայումս իրականացվող ամենամեծ տարածաշրջանային ծրագիրն է (2021-2024թթ): Ծրագրի նպատակն է աջակցել մշակույթի՝ որպես տարածաշրջանում տնտեսական աճի և սոցիալական զարգացման շարժիչ ուժի հզորացմանը​՝ խթանելով  ԱլԳ տարածաշրջանի ոչ-մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային զարգացման ռազմավարությունների մշակումը, տրամադրելով այդ ռազմավարությունների համար հավելյալ դրամաշնորհներ և կարողությունների զարգացմանն ուղղված աջակցություն և կազմելով  դրամաշնորհային շարժունության ծրագրեր արվեստագետների և մշակույթի մասնագետների համար։  

ՅՈՒՆԻՔ 

«ՅՈՒՆԻՔ»-ը Եվրոպական միության ազգային մշակութային կազմակերպությունների գլոբալ ցանց է, որը միավորում է Եվրոպական միության անդամ 28 երկրների մշակույթի ոլորտում գործող 36 հաստատություն աշխարհի շուրջ 100 երկրներում: «ՅՈՒՆԻՔ»-ի անդամներն աշխատում են արվեստի, լեզուների, երիտասարդության, կրթության, գիտության, հասարակության և զարգացման ոլորտներում:  

Տեղական մակարդակներում, ՅՈՒՆԻՔ անդամները միավորվում են ստեղծելով քաղաքներում և երկրներում  գործող  100-ից ավելի կլաստերներ, որոնք   համագործակցում են ընդհանուր նախագծերի և ծրագրերի շուրջ՝ խթանելով մշակույթի դերը ԵՄ ներքին և արտաքին հարաբերություններում: Հայաստանում ՅՈՒՆԻՔ կլաստերը հիմնադրվել է 2018թ․ հոկտեմբերի 2-ին։ 

Ստեղծագործ Եվրոպա Հայաստան 

Ստեղծագործ Եվրոպա հայաստանյան գրասենյակը կազմավորվել է 2018թ․ օգոստոսին՝  Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գրասենյակի նպատակն է խթանել ԵՄ մշակութային դրամաշնորհային ծրագրերը, նպաստել մշակութային օպերատորների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև իրականացնել մրցույթների մասնակցության վերաբերյալ տեղեկատվական միջոցառումներ, դասընթացներ և այլ խորհրդատվական գործառույթներ։  

ՔՈՎԻԴ-19 աջակցություն

ՔՈՎԻԴ-19 համավարակի բռնկման սկզբից ի վեր Եվրոպական միությունն ակտիվորեն աջակցել է Հայաստանին համավարակը հաղթահարելու գործում

2020թ․ ՔՈՎԻԴ-19 համավարակների արձագանքմանը աջակցելու նպատակով Եվրոպական միությունն օժանդակել է Հայաստանին՝ տրամադրելով շուրջ 90 մլն եվրո ֆինանսական աջակցություն։ ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով ԵՄ-ը վերաբաշխել է  ԵՄ ծրագրերի մի մասը՝  միջոցներն ուղղելով գործազրկության աջակցությանը, գործարարներ միջավայրի աջակցությանը, ինչպես նաև երկրի տնտեսական իրավիճակի և առողջապահական համակարգի բարելավման ուղղություններով։ 

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը միավորել է ջանքերը «Եվրոպայի թիմ»-ի և Հայաստանում ակտիվ միջազգային կազմակերպությունների հետ՝ ապահովելու անհրաժեշտ օգնություն ՔՈՎԻԴ-19 ազդակիր բնակչության համար, այդ թվում՝ բուժսարքավորումներ և բուժտեխնիկա տրամադրելու միջոցով։

Մամուլ և մեդիա